Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին պարենային ապրանքները թանկացել են ևս 0.7%-ով

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 0.9%, կենդանական և բուսական յուղերի՝ 1.0%, ձկնամթերքի՝ 1.3%, բանջարեղենի և կարտոֆիլի՝ 5.9%, ձվի՝ 9.4% գնաճով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-9.4% գնաճ, երկուսում՝ 4.4-0.3% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվահամեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, ձվի հանրապետական միջին գինը 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 10.8%-ով, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.4% գնաճ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ` 5.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 6.3%, լոլիկի` 12.8%, կաղամբի՝ 17.4%, սմբուկի՝ 17.8%, կանաչ պղպեղի` 19.4%, սխտորի՝19.9%, ծաղկակաղամբի՝ 26.1%, վարունգի 27.8% գնաճով: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է խառը կանաչեղենի՝ 3.5%, կանաչ սոխի՝ 4.5%, կարտոֆիլի` 5.5%, կանաչ լոբու 5.8% գնաճ:  Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գազարի` 22.0%, ճակնդեղի`16.4%, գլուխ սոխի 7.4% գնանկում:

2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.0%, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.3% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.5% գնաճով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.3% գնանկում, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.0% գնաճ (հիմնականում պայմանավորված կարագի՝ 1.5% և ձիթապտղի բուսական յուղի 7.6% գնաճով):

2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.6%-ով, իսկ 2014թ.օգոստոսի համեմատ՝ 0.5%-ով:

2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնամթերքի՝ 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, շաքարավազի՝0.2%, ոչ ոգելից խմիչքի՝ 0.2%, հրուշակեղենի 0.9% գնաճ:

Մրգի ապրանքախմբում1 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.3%  գնաճ, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 4.4% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խաղողի՝ 30.5%, սալորի՝ 28.5%, խնձորի՝ 14.8%, դեղձի` 10.7%, տանձի` 7.1% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 1.3%, սեխի՝ 3.2%, ելակի՝ 4.9%, կիտրոնի՝ 5.9%, ձմերուկի՝ 9.4%, նարնջի 14.2% գնաճ:

2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի0.3% գնանկում, իսկ այլ մթերքի ու ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Share