Բաժին. Տնտեսական

Եվրահանձնաժողովն ի վերջո թույլատրեց Facebook-ին գնել WhatsApp-ը

Եվրահանձնաժողովը վերջապես հավանության է արժանացրել Facebook-ի կողմից WhatsApp շարժական հաղորդակցման հարթակը 19 մլրդ դոլարով ձեռքբերելու գործարքը: Ավելի վաղ եվրոպական կարգավորիչները մտավախություն ունեին, որ դրանով ամերիկյանընկերությանը Եվրոպայում դիրքերը հզորացնելու բացառիկ հնարավորություն կընձեռվի:

Ընթացիկ տարվա մայիսին Facebook-ը գործարքի գնահատման խնդրագիր էր ուղարկել Եվրամիություն՝ գործարքի վերջնական փուլում տարածաշրջանի մի շարք երկրներում լրացուցիչ հետաքննությունից խուսափելու նպատակով: Հիշեցնենք, որ գործարքի մասին սոցիալական ցանցը հայտարարել էր դեռևս փետրվարին:

Հաղորդագրությունների արագ փոխանակման WhatsApp ծառայությունից օգտվում են աշխարհի ավելի քան 100 երկրներում: Հավելվածն աշխատում է iOS, Android, BlackBerry, Nokia S40, Symbian և Windows Phone հարթակներում: WhatsApp-ից ամսական օգտվում է 400 մլն մարդ:

Share