Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումները: ԱՄՀ պաշտոնական կանխատեսման (World Economic Outlook) շրջանակներում գլոբալ ՀՆԱ-ի աճի տեմպերը 2015-ին կկազմեն ոչ թե 4%, ինչպես կանխատեսվում էր ամիսներ առաջ, այլ միայն 3,8%: Ընդ որում` ընթացիկ տարվա համար ՀՆԱ-ի աճը կհասնի 3,3%, մինչդեռ` կանխատեսվում էր 3,4%:

ԱՄՀ փորձագետները նշել են, որ վերջին ժամանակներում նկատելիորեն մեծացել է եվրոգոտու տնտեսության` եռակի ետընթաց թևակոխելու հավանականությունը: Նրանց գնահատմամբ` միասնական արժույթի բլոկի երկրներում տնտեսական աճը կլինի դանդաղ. 2014-ին` ընդամենը 0,8%, իսկ 2015-ին` 1,4%:

Հատկանշական է, որ ամերիկյան ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարում սպասվում է հուլիսյան կանխատեսումից  0,5%-ով բարձր` 2,2%: Հաջորդ տարվա գնահատականը մնացել է նույն մակարդակում` 3,1%:
 
Զարգացող երկրների համար ևս ԱՄՀ-ը վերանայել է սեփական կանխատեսումները. ընթացիկ տարում աճը կկազմի 4,4% (նախկին կանխատեսումը` 4,5%), իսկ 2015-ին` 5,0% (5,2%):

Չինաստանի վերաբերյալ կանխատեսումները 2014-2015թթ. համար մնացել են նույնը` կազմելով համապատասխանաբար 7,4% և 7,1%: Ընթացիկ տարվա համար հիմնադրամը 0,7 տոկոսային կետով նվազեցրել է Ճապոնիայի վերաբերյալ կանխատեսումը, ինչը կազմում է 0,9%, իսկ 2015-ի համար` 0,8% (-0,2%)

ՌԴ ՀՆԱ-ի աճը սպասվում է 0,2% մակարդակում (կանխատեսումը չի փոխվել), իսկ 2015-ին` 0,5% (-0,5%):

ԱՊՀ երկրների տնտեսությունը, ըստ ԱՄՀ փորձագետների, կաճի 0,8%-ով (-0,1%), իսկ 2015-ին` 1,6%-ով (-0,5%):

Share