Բաժին. Տնտեսական

Սաուդյան Արաբիային ձեռնտու են նավթի ցածր գները

Մինչ ՕՊԵԿ-ի որոշ անդամներ ձգտում են կրճատել նավթի արդյունահանման օրական ծավալը` սև ոսկու գինը 100 դոլարի սահմանագծից բարձրացնելու նպատակով, ՕՊԵԿ-ի` նավթ արդյունահանող խոշորագույն երկիրը համարվող Սաուդյան Արաբիան, շուկայում առաջատար դիրքերը չզիջելու համար, պատրաստ է ավելի քան 2 տարի շարունակ հանդուրժել նավթի ցածր գները` նույնիսկ մինչև 80 դոլարի սահմանում:

 Նկատենք, որ ՕՊԵԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր ունի նավթի` իր համար ընդունելի գինը: Օրինակ` Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի բյուջեների համար նավթի գնի չափն այնքան սկզբունքային չէ, որքան, ասենք, Իրանի կամ Վենեսուելայի համար:

 Ի դեպ, Քուվեյթի նավթի նախարարը օրեր առաջ հայտարարել էր, որ իր երկրի համար ընդունելի է նավթի գների անկումը մինչև 76-77 դոլարի սահմանում: ՕՊԵԿ-ի` նավթ արդյունահանող երկրորդ խոշորագույն երկիրը համարվող Իրաքը նոյեմբեր ամսին կնվազեցնի Ասիային և Եվրոպային մատակարարվող նավթի գները: Սաուդյան Արաբիան էլ իր հերթին հայտարարել էր, որ ասիական երկրներ արտահանվող նավթի գները նոյեմբեր ամսին կհասցվեն վերջին 6 տարում երբևէ արձանագրված նվազագույն մակարդակին:

Share