Բաժին. Տնտեսական

3 տարում Հայաստանում բնակարանային ֆոնդն աճել է շուրջ 7%-ով

Մեր երկրում հաշվառվում է բազմաբնակարան շենքերի 435 հազար 427 բնակարան: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս բնակարաններից 90 հազար 571-ը մեկ սենյականոց բնակարաններ են, շուրջ 149 հազարը՝ երկու սենյականոց, 154 հազար 733-ը՝ երեք սենյականոց, 41 հազար 116-ը՝ 4 և ավելի սենյականոց:

Հարկ է նշել, որ բազմաբնակարան շենքերի բնակարանների կեսից ավելին՝ 228 հազար 778 բնակարան, բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին: Այնուհետև հաջորդում են Կոտայքի մարզը՝ 44 հազար, Լոռու մարզը՝ մոտ 39 հազար, և Շիրակի մարզը՝ 29 հազար 486 բնակարան:

2014 թվականի վերջին տվյալներով՝ Հայաստանում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը կազմել է 94 651.5 հազար մ.քառ., իսկ բնակչության մեկ շնչի ապահովվածությունը՝ 31.3 մ.քառ.:  Վերջին երեք տարվա կտրվածքով բնակարանային ֆոնդն աճել է շուրջ 7%-ով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնք վկայում են, որ մեր երկրի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է:  Մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական ամենաբարձր գինը սահմանվել է Կենտրոն համայնքում՝ 428 հազար ՀՀ դրամ, իսկ ամենացածրը՝  Նուբարաշենում` 156,0 հազար դրամ:

Share