Բաժին. Տնտեսական

Չինաստանը արագընթաց գնացքներ կմատակարարի Կալիֆորնիային

Չինական պետական կորպորացիան (CNR) մտադիր է արագընթաց գնացքներ մատակարարել Կալիֆորնիային: CNR-ը, Tangshan Railway-ը և ամերիկյան SunGroup USA-ը կիրականցնեն 68 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մի նախագիծ, որի շրջանակներում ենթադրվում է մինչև 95 արագընթաց գնացքների (մինչև 354 կմ/ժ արագությամբ) մատակարարում:

Այս մտադրությունը ընդգծում է տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի նկրտումները` հատկապես այն բանից հետո, երբ ընդամենը 7 տարում երկրում կառուցվեց արագընթաց երկաթուղային ամենաերկար ցանցը:

Սա արտասահմանում արագընթաց գնացքներ վաճառելու` Չինաստանի առաջին փորձն է: Երկրորդ խոշոր տնտեսությունն ունեցող այս երկիրը փորձում է շուկայում ամրապնդել իր դիրքերը` մրցակցելով արդյունաբերական այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են գերմանական Siemens-ը, կանադական Bombardier-ը և ճապոնական Kawasaki-ն:

Ամերիկյան SunGroup-ի ներկայացուցիչ Ջոնաթան Սանի խոսքով` Չինաստանը հատկապես մասնագիտացած է արագընթաց գնացքների  ոլորտում:

Ի դեպ, SunGroup, CNR և Tangshan Railway ընկերություններն արդեն ունեն համագործակցության 4 տարիների փորձ:

Share