Բաժին. Տնտեսական

Իրանում կստեղծվեն ազատ տնտեսական նոր գոտիներ

Իրանի հարավում` Բուշեր և Ջասք քաղաքներում կբացվեն ազատ տնտեսական նոր գոտիներ: Ազատ և հատուկ տնտեսական գոտիների ստեղծումն իրանական կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է: Ներկայում երկրում գործում է 7 ազատ և 16 հատուկ տնտեսական գոտի:

«Ներդրումների համար նոր, բաց տարածքների հիմնումը կնպաստի երկրի տնտեսության հետագա կայունացման ամրապնդմանը: Միայն այդպես կարելի է հաջողությամբ հակազդել արտաքին ցնցումներին և չեզոքացնել (արևմտյան) պատժամիջոցների ազդեցությունը»,- հայտարարել է Ազատ և հատուկ տնտեսական գոտիների հարցերով համակարգող խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը:

Ազատ տնտեսական գոտիները խիստ գրավիչ են օտարերկյա ներդրողների համար: Այդպիսի գոտիներում հնարավոր է անգամ ամբողջությամբ արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերությունների գրանցումը: Սա ավելի ժողովրդավարական է, քան «մեծ տարածքներում» գործող խաղի կանոնները, որտեղ արտասահմանյան կապիտալի ծավալը ձեռնարկությունում չպետք է գերազանցի 50%-ը:

Share