Բաժին. Տնտեսական

Հվ. Կորեայի ՀՆԱ-ի աճը արդարացրել է կանխատեսումները

Ընթացիկ ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում Հարավային Կորեայի տնտեսությունն արձանագրել է 0,9% աճ, ինչը մեծապես պայմանավորված է եղել կառավարության գործարկած խթանիչ միջոցների ֆոնին ներքին սպառման տեմպերի ակտիվացմամբ:

Երկրի կենտրոնական բանկի տվյալներով` հուլիս-սեպտեմբեր հատվածում ՀՆԱ-ի դինամիկան նախորդ եռամսյակի համեմատ արդարացրել է շուկայի սպասելիքները: Ասիայի` խոշորությամբ 4-րդ տնտեսությունն ունեցող Կորեայի կառավարությունը հուլիսին հրապարակել է 40 մլրդ դոլար ընդհանուր ծավալի խթանիչ միջոցների փաթեթը, իսկ սեպտեմբերին մշակել 2015-ի` պակասուրդի ավելի մեծ ծավալով բյուջեն` ներքին պահանջարկը խթանելու նպատակադրումով: Ըստ բյուջեի նախագծի` հաջորդ տարում ծախսերի ընդհանուր ծավալը կաճի 5,7%-ով` մինչև 363 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ եկամուտների ընդհանուր ծավալը 2015-ին կավելանա 3,6%-ով:

Նախագծի համաձայն` բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի 2,1%-ի չափով` ընթացիկ տարվա համար կանխատեսվող 1,7%-ի դիմաց: Պետպարտքի ծավալը հաջորդ տարում, ընդհանուր առմամբ, կավելանա մինչև ՀՆԱ-ի 35,7%-ի չափով` ընթացիկ տարվա 35,1%-ի դիմաց:

Share