Բաժին. Տնտեսական

Երրորդ եռամսյակում գրանցվել է սպառողների վստահության ինդեքսի աճ

Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը (ՍՎՑ) աճել է. երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի նկատմամբ, ցուցանիշը աճել է  2.2 տոկոսային կետով և կազմել 44.2 կետ:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 1.3 տոկոսային կետով՝ ընդունելով 34.7 արժեքը: Աճը պայմանավորվել է տնային տնտեսությունների ընթացիկ ֆինանսական վիճակի 2.3 և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների 4.1 տոկոսային կետերով բարելավմամբ: Ընթացիկ պայմանները նկարագրող ցուցանիշներից նվազել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը (2.3 տոկոսային կետով):

Ապագա պայմանների ցուցանիշը նույնպես շարունակում է բարելավվել՝ 3.1 տոկոսային կետով նախորդ և 4.6 տոկոսային կետով նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ և կազմել 53.7 կետ: Ընդ որում, աճել են ապագա պայմանները նկարագրող բոլոր ցուցանիշները: Նախորդ եռամսյակի նվազումից հետո հատկապես նկատելի աճել է ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշը (5.5 տոկոսային կետով):  Գալիք եռամսյակում գնումներ կատարելու ակնկալիքի և տնային տնտեսությունների զբաղվածության աճի  սպասումները բարելավվել են համապատասխանաբար՝ 2.1 և 1.6 տոկոսային կետերով:

Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:  Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:

Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

Share