Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտում գրանցվել է բիզնես միջավայրի ցուցանիշի անկում

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում մեր երկրում Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) կազմել է 52.6 կետ ինչը  գտնվում է կայունության միջակայքի սահմաններում՝ պահպանելով գրեթե բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Ըստ անցկացված ուսումնասիրությունների արդյունքների՝ հաշվետու եռամսյակում արդյունաբերության և առևտրի ոլորտներում գործարար միջավայրի ցուցանիշների մակարդակները, նախորդ եռամսյակի համեմատ, շատ քիչ են փոփոխվել և շարունակում են մնալ կայունության միջակայքի սահմաններից վերև: Թեև ծառայությունների ոլորտում գրանցվել է գործարար միջավայրի ցուցանիշի զգալի նվազում, ցուցանիշը դեռևս գտնվում է կայունության միջակայքի սահմաններում:

Գործարար միջավայրի ցուցանիշի ամենացածր մակարդակը այս եռամսյակ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 34.1, ինչը պայմանավորված է այս եռամսյակ նախորդի համեմատ ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ:

Նշենք, որ Գործարար միջավայրի ցուցանիշի հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով: Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Share