Բաժին. Տնտեսական

Բանկերի վարկերի 5.6%-ը դասակարգված է որպես «չաշխատող»

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով հայաստանյան առևտրային բանկերի մոտ «չաշխատող» վարկերի և դեբիտորական պարտքերի (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող վարկեր և դեբիտորական պարտքեր) տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում տարեսկզի համեմատ աճել է 1.3 տոկոսային կետով և կազմել 5.6%: «Չաշխատող» վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի աճին հատկապես նպաստել է նախորդող 3 տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճը (տարեկան միջինը 30% աճ):

Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ՝ կիսամյակի ընթացքում «չաշխատող» վարկերի տեսակարար կշռի համեմատաբար զգալի աճ է արձանագրվել արդյունաբերության, հիփոթեքային և շինարարության վարկերում. «չաշխատող» վարկերի տեսակարար կշիռներն ավելացել են համապատասխանաբար 2.2, 2.2 և 2.1 տոկոսային կետով և կազմել 5.8%, 6.4% և 10.4%:

2014թ. առաջին կիսամյակի վերջի դրությամբ հիփոթեքային, շինարարության և արդյունաբերության «չաշխատող» վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր «չաշխատող» վարկերում կազմել է համապատասխանաբար 8.5%, 10.1% և 19.6% (31.12.2013թ. դրությամբ՝ 7.6%, 11.5% և 16.7%):

Share