Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին գործազրկության մակարդակը եվրոգոտում մնացել է անփոփոխ

Եվրոգոտու անդամ 18 երկրներում 2014թ. սեպտեմբեր ամսին գործազրկության մակարդակը օգոստոսի համեմատ մնացել է անփոփոխ և կազմել 11,5%: Գործազրկության այս ցուցանիշը նվազագույնն է 2012-ի սեպտեմբերից առայսօր և անփոփոխ է մնում արդեն 4 ամիս շարունակ:

Եվրամիության երկրներում նույն ցուցանիշը պահպանվել է 10,1% մակարդակում, ինչը նվազագույնն է 2012-ի փետրվարից ի վեր:

ԵՄ 28 երկրներում սեպտեմբերին հաշվվել է 24,512 մլն գործազուրկ, որոնցից 18,347 միլիոնը` եվրոգոտու տարածքում:

Հաշվետու ամսին ԵՄ երկրների թվում գործազրկության ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Գերմանիայում (5,0%) և Ավստրիայում (5,1%), իսկ առավելագույն ցուցանիշները` Հունաստանում (26,4%) և Իսպանիայում (24%):

Համեմատության համար` մոլորակի խոշորագույն տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը սեպտեմբեր ամսին կազմել է 5,9%:

Share