Բաժին. Տնտեսական

Հայաստանի 50 խոշոր հարկատուներից 7-ը բանկեր են

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 7 բանկ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիաբանկը և ՎՏԲ-Հայաստան բանկը: Վերջիններս հաշվետու ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 3,606 մլրդ ՀՀ դրամ, 3,362 մլրդ ՀՀ դրամ և 3,248 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 17-րդ, 21-րդ և 24-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը  (3,241 մլրդ ՀՀ դրամ, 25-րդ տեղ), Արդշինինվեստբանկը (2,511 մլրդ ՀՀ դրամ, 35-րդ հորիզոնական), Ինեկոբանկը (46-րդ հորիզոնական, 1,977 մլրդ ՀՀ  դրամ), Յունիբանկը (47-րդ հորիզոնական, 1,920 մլրդ ՀՀ դրամ):

Share