Բաժին. Տնտեսական

2014թ. Հայաստանում մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց վճարվել է 31.1 մլրդ դրամ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հայտնել է, որ մինչև 2014թ. մթերումների սկսվելը պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել էին 11965 պայմանագիր, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ավելի քան 20 տոկոսով: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 112.5 մլն. դրամ կանխավճար և 675.1 մլն. դրամի բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն:

Այս տարի արձանագրվել է նաև մթերվող պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում: Վճարումների մեծ մասը կատարվել է անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում: Նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղենի մթերումների դիմաց կատարված վճարումները կազմում են 95.9 տոկոս կամ 5946.7 մլն դրամից վճարվել է 5702.1 մլն դրամը, իսկ խաղողի մթերումների դիմաց՝ 91.6 տոկոս կամ 27993.0 մլն դրամից վճարվել է 25638.0 մլն դրամը: Վճարման ենթակա մնացած 2599.6 մլն դրամը, ըստ ընկերությունների հավաստիացման ամբողջությամբ կվճարվեն մինչև տարեվերջ:

Share