Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները` ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար. Պուտին

Պեկինում կայացած գործարար համաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով երկրի ֆինանսական իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները: «Միևնույն ժամանակ, պահպանվում է արժութային ինտերվենցիաների հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի բնորոշմամբ` Կենտրոնական բանկը շարունակում է սղաճի թիրախավորման քաղաքականությունը, և ռուբլու փոխարժեքի սպեկուլյատիվ թռիչքները, որոնք, նախագահի կարծիքով, պայմանավորված չեն տնտեսական հիմնարար գործոններով, շուտով կդադարեն:

Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանում չեն ներդրվի կապիտալի շարժումը սահմանափակող միջոցառումներ:

ՌԴ ղեկավարը նկատել է, որ ռուսաստանյան իշխանություններն այսօր ավելի մեծ ուշադրություն են դարձնում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև տարածքային և քաղաքային մակարդակներում ներդրողների հետ աշխատելու լավագույն պրակտիկայի ներդրմանը: Պուտինը հիշեցրել է, որ 2010-ի համեմատ, Ռուսաստանն այս տարի կրկնակի բարելավել է իր դիրքերը Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business հայտնի վարկանիշում:

Share