Բաժին. Տնտեսական

Հայաստանից թանկարժեք քարերի և մետաղների արտահանումը աճել է շուրջ 23%-ով

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա համար մեր երկրի արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված  ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են  167,95 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 23%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 4%-ով և կազմել 227,21 մլն դոլար:
Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 15,5%, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը՝  մոտ 21%:
Share