Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտը չի կարողանում դուրս գալ ճգնաժամից

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանում իրականացվել է 244,10 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները նվազել են մոտ 2,5%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի մոտ 47%-ը իրականացնվել է բիզնեսի, 22%-ը՝  բնակչության միջոցների հաշվին: Ընդ որում, բիզնեսի միջոցներով իրականացված շինարարության ծավալներն աճել են 2%-ով, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունը կրճատվել է մոտ 15%-ով:

Միևնույն ժամանակ, պետական բյուջեի միջոցների մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է 14.5%, համայնքային միջոցներինը՝ 5.8%: Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին շինարարության ոլորտ ուղղվող պետական միջոցները նվազել են 1.5%-ով, իսկ համայնքային միջոցները աճել են ավելի քան 79%-ով:

Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը կազմել է 8.8%: Մոտ 1.7%-ը իրականացվել է մարդասիրական օգնության միջոցների հաշվին:

Նշենք նաև, որ 2013 թվականին մեր երկրի շինարարության ոլորտը գրանցել էր անկում՝ 8%-ով: Հաշվետու տարում իրականացվել էր 442,28 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Share