Բաժին. Տնտեսական

Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսական աճը դանդաղել է. FT

Արևմտյան պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսական աճի տեմպերը էապես դանդաղել են, գրում է The Financial Times-ը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 3-րդ եռամսյակում աճի տեմպերը Ռուսաստանում շարունակում են դանդաղել` տարեկան արտահայտությամբ կազմելով 0,7%` 2-րդ եռամսյակում նկատված 0,8% և 1-ին եռամսյակում արձանագրված 0,9% աճի նկատմամբ: Սա, ըստ էության, վկայում է այն մասին, որ Արևմուտքի պատժամիջոցները ճնշում են արդեն ստագնացիա ապրող ռուսական տնտեսությանը, ասված է հոդվածում:

FT-ը միևնույն ժամանակ նշում է, որ աճի դանդաղումը կանխատեսվածից նվազ կտրուկ է եղել, ինչը, տնտեսագետների կարծիքով, տեղի է ունեցել առավելապես գյուղատնտեսական հատվածի և արդյունաբերական արտադրության մասնակի վերականգնման հաշվին:

Սակայն մասնավոր սպառումը, որը մինչև 2013թ. համարվում էր երկրի տնտեսության շարժիչ ուժը, կանխատեսումների համաձայն` հնարավոր է դրսևորի մինչև 2% անկում: Բացի այդ, ռուսաստանյան ընկերությունները կրճատում են ներդրումային ծրագրերը, քանի որ պատժամիջոցների արդյունքում այդ ընկերությունների վերաֆինանսավորման հնարավորությունը ամերիկյան և եվրոպական կապիտալի շուկաներում այլևս սահմանափակ է:

Նկատենք, որ Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի շատ տնտեսագետների ենթադրությամբ` Ռուսաստանի տնտեսությանը 2015-ին սպառնում է ետընթաց:

Share