Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության ոլորտում գործող գերփոքր ընկերությունները գրանցել են արտադրության 55% աճ

Հայաստանում գործում է գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող 108 առևտրային կազմակերպություն, որտեղ աշխատում է 2 հազար 688 մարդ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները միասին արտադրել են 20,85 մլրդ ՀՀ դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 1%-ով:

Հարկ է նշել, որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալի մոտ 62%-ը բաժին է ընկել խոշորներին (խոշոր են դասակարգվում այն կազմակերպությունները, որոնք ունեն 101 և ավելի աշխատող): Միջին դասակարգված կազմակերպություններին, որոնք ունեն 51-100 աշխատող, բաժին է ընկել արտադրանքի մոտ 13%-ը: Փոքրերին (6-50 աշխատող) բաժին է ընկել 21%-ը, իսկ գերփոքրերին, որոնք ունեն մինչև 5 աշխատող, 4%-ը:

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, արտադրանքի ծավալների ամենամեծ աճը գրանցվել է գերփոքր առևտրային կազմակերպությունների մոտ՝ 55%: Փոքր և միջին կազմակերպությունների մոտ գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 25%-ով և 20%-ով: Խոշոր ընկերություններն ապահովել են արտադրանքի 13.4% աճ:

Նշենք նաև, որ հանրապետությունում գյուղատնտեսական խոշոր առևտրային կազմակերպությունների թիվը կազմում է 8, միջիններինը՝ 3, փոքրերինը՝ 43, իսկ գերփոքրերինը՝ 54:

Share