Բաժին. Տնտեսական

ԵՄ ավտոշուկան հոկտեմբերին գրանցել է 6,5% աճ

Եվրամիությունում ավտոմեքենաների վաճառքների աճը շարունակվում է արդեն 14 ամիս անընդմեջ, մի բան, որը չի նկատվել 1990-ից ի վեր:

Գրանցված նոր մեքենաների թիվը հոկտեմբերին ԵՄ 27 երկրներում (առանց Մալթայի, որտեղից տվյալներ չեն ստացվել), նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավելացել է 6,5%-ով` մինչև 1 մլն 72,84 հազար միավոր: Այս մասին ասված է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) տարածած հաղորդագրությունում:

Տարածաշրջանում վաճառքների աճը մեծապես պայմանավորված է եղել էական զեղչերով և վարկավորումների ռեկորդային ցածր տոկոսադրույքներով: Կանխատեսումների համաձայն` եվրոպական ավտոշուկան ընթացիկ տարին կավարտի դրական ցուցանիշներով` 2007-ից ի վեր առաջին անգամ ցուցադրելով տարեկան աճ:

Վաճառված ավտոմեքենաների թվի զգալի աճ է գրանցվել հատկապես` Իսպանիայում (+26,1%), Մեծ Բրիտանիայում (+14,2%), Իտալիայում (+9,2%) և Գերմանիայում (+3,7%): Մինչդեռ` Ֆրանսիայում նկատվել է վաճառքների նվազում` մինչև 3,8%:

Share