Բաժին. Տնտեսական

Մեր երկրի բնակչությունը արտերկրից ստացել է 1,3 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն

Այս տարվա առաջին ինն ամսում մեր երկրի քաղաքացիները արտերկրում գտնվող իրենց հարազատներից բանկերի միջոցով ստացել են 1 մլրդ 323,0 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստան փոխանցված տրանսֆերտների շուրջ 95%-ը բաժին է ընկել 10 երկրի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են ԱՄՆ-ից, Ղազախստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով փոխանցված դրամական միջոցները: Միևնույն ժամանակ, կրճատվել են Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄԷ-ից և Չինաստանից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 103,9 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ից ստացվել են 73,8 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  20,4 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 11,1 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 14,4 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 11,4 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 5,6 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  5,1 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,4 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝ 1,0 մլն ԱՄՆ դոլար:

Share