Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերին ճապոնական արտահանումն ավելացել է 9,6%-ով

Հոկտեմբերին ճապոնական արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, արձանագրել են 9,6% աճ, ինչը առավելագույն մակարդակն է վերջին 8 ամսում: Այս մասին հայտնում է երկրի Ֆինանսների նախարարությունը:

Հաշվետու ամսին ներկրման աճի տեմպերն արագացել են 2,7%-ով: Արդյունքում` արտաքին առևտրի պակասուրդը կրճատվել է մինչև 710 մլրդ իեն (6 մլրդ դոլար):

Փորձագետների գնահատականով` արտասահմանյան մատակարարումների ծավալի ավելացումը բավական հուսադրող է, քանի որ այն առիթ է տալիս մտածելու, որ իենի փոխարժեքի նվազումը կշարունակի նպաստել արտահանման տեմպերի հետագա խթանմանը: Վերջինն էլ, իր հերթին, կվերականգնի երկրի տնտեսության աճի նախկին տեմպերը, քանի որ հուլիս-սեպտեմբեր հատվածի արդյունքներով` ազգային ՀՆԱ-ն երկրորդ անգամ անընդմեջ անկում է ապրում, մի բան, որը, անկասկած,  վկայում է ետընթացի մասին:

Նկատենք, որ ընթացիկ տարում ազգային արժույթը ամերիկյան դոլարի նկատմամբ էժանացել է 11%-ով:

Share