Բաժին. Տնտեսական

Արթուր Ջավադյանի շնորհավորանքը՝ բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատակցի օր:

Ներկայացնում ենք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի շնորհավորանքը բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ.

Սիրելի գործընկերներ

Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ բանկային աշխատակցի օրվա տոնի կապակցությամբ: Նորանկախ Հայաստանի կազմավորման առաջին իսկ տարիներին սկսվեց մեր ազգային բանկային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացումը, որոնցից ամենակարևորն ու նշանակալին իհարկե ազգային արժույթի ներդրումն էր: Առանց դրա հնարավոր չէր պատկերացնել մեր ֆինանսական և բանկային համակարգի զարգացումը:

Պատահական չէ, որ հենց այդ օրը հայտարարվեց որպես բանկային աշխատակցի օր, քանի որ մեր բոլորի երկարամյա և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ունենք կայացած և կայուն ֆինանսական համակարգ և ազգային արժույթ, որն արդեն ունի պատմություն և անցած ճանապարհ: Այդ ճանապարհին եղել են փորձություններ, դժվարություններ: Սակայն հետադարձ հայացք նետելով տեսնում ենք, որ մեր ազգային արժույթն ու ֆինանսական համակարգը դիմակայել են ներքին և արտաքին գործոններով պայմանավորված փորձություններին՝ ապացուցելով իրենց կենսունակությունը: Եւ այս ամենն իհարկե Ձեր՝ սիրելի բանկային աշխատակիցներ, մասնագիտական բարձր որակների և նպատակաուղղված ամենօրյա աշխատանքի արդյունքն է:

Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, ջերմեռանդ ու նվիրված աշխատանք ու բարօրություն՝ ֆինանսական համակարգի անընդհատ զարգացումն ապահովելու ու մեր հասարակության համար ֆինանսական ծառայությունների ավելի լայն տեսակներ առավել հասանելի դարձնելու համար:

Share