Բաժին. Տնտեսական

Համաշխարհային նավագնացության աճի տեմպերը դանդաղում են

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հանձնաժողովի (UNCAD) հրապարակած զեկույցի տվյալներով` համաշխարհային նավագնացության աճի տեմպերը դանդաղում են, ինչը վկայում է գլոբալ տնտեսության ծանր վիճակի և միջազգային առևտրի ծավալների կրճատման մասին:

Նախորդ տարվա արդյունքներով` միջազգային նավագնացության աճի տեմպերն արձանագրել են վերջին տասը տարում նվազագույն ցուցանիշները: Բեռնափոխադրումների հոսքն աճել է ընդամենը 3,8%-ով, ինչը հավասար է 9,6  մլրդ տոննայի: UNCAD-ում ենթադրում են, որ ընթացիկ տարում աճի տեմպերն էլ ավելի կդանդաղեն:

Փորձագետների գնահատականով` միջազգային նավագնացության ցածր ցուցանիշները առավելապես բացատրվում են գլոբալ տնտեսության դանդաղմամբ, պահանջարկի թույլ կամ անկայուն մակարդակով և համաշխարհային նավագնացության շուկայում հզորությունների մշտական ավելցուկով:

Հատկանշական է, որ ծովային տրանսպորտին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի ծավալների 80%-ը, իսկ գնային արտահայտությամբ` 70%-ը: Ի դեպ, զարգացող երկրներում այս ցուցանիշներն ավելի բարձր են:

Share