Բաժին. Տնտեսական

HSBC. Չինաստանը ներդրումներ կատարելու նոր ուղիներ է բացում աշխարհի առջև

HSBC բանկի Արժեթղթերով գործառնությունների իրականացման բաժնի ղեկավար Սայան Բըրքը հրապարակել է վերլուծություն Չինաստանի տնտեսության և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:«Բիզնես 24»-ը առանձնացրել և ներկայացնում է վերլուծության առավել կարևոր դրույթները:

Սայան Բըրքը նշում է, որ ցանկացած ներդրող պատրաստ է տասնամյակների ընթացքում աճի ցնցող տեմպեր արձանագրած երկրի տնտեսության մեջ ներդրում կատարել: Եվ լավ նորությունը կայանում է նրանում, որ Չինաստանն այժմ աշխարհի առջև բացում է իր ֆինանսական շուկաների դռները: 1977թ.-ից սկսած Չինաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան առնվազն 6%-ով: Սա տնտեսական ցուցանիշների ամենաերկար մշտական ու սրընթաց աճի դեպքն է պատմության մեջ:

Չինաստանն իր տնտեսական ներուժով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո: Իսկ եթե համեմատենք այդ երկու երկրների գնողունակության ցուցանիշները, ապա Չինաստանի տնտեսական արդյունքներն արդեն գերազանցել են ԱՄՆ-ինը:

Երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև ֆինանսական շուկաները: Չինաստանի պարտատոմսերի շուկան մեծ զարգացում է ապրել՝ գրեթե գոյություն չունեցող շուկայից վերածվելով աշխարհի երրորդ ամենամեծ շուկայի: Բաժնետոմսերի շուկայի տեսանկյունից Չինաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ շուկայի կապիտալացման տեսանկյունից՝ երրորդն է աշխարհում:

Ըստ վերլուծության՝ Չինաստանի ֆինանսական շուկաները արտառոց երևույթ են այն առումով, որ չնայած իրենց հսկայական չափերին, այդ շուկաները նախկինում հասանելի չէին խոշոր պորտֆելային ներդրողներին:  Տարիներ շարունակ կապիտալի հոսքերի սահմանափակումը մեկուսացրել է Չինաստանի ֆինանսական շուկաները: Չինաստանի ներքին միջոցների արտահոսքից առաջացած ներդրումային պորտֆելը (երկրի ներդրումները արտարժույթով արտահայտված արժեթղթերում) կազմում է երկրի ՀՆԱ-ի ընդհամենը  3%-ը, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի 49%-ը: Այդ համեմատությունն առավել ցայտուն է օտարեկրյա միջոցների ներհոսքից առաջացած ներդրումային պորտֆելի (արտասահմանյան  ներդրումները Չինաստանի տեղական արժույթով արտահայտված արժեթղթերում) պարագայում՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 86%-ի համեմատ Չինաստանում այն կազմում է ՀՆԱ-ի ընդհամենը 4%-ը:

Չինաստանն աստիճանաբար դառնում է ավելի բաց: Այժմ երկրում կիրառվում է օտարեկրյա միջոցների ներհոսքից առաջացած ներդրումային պորտֆելի կառավարման երկու սխեմա՝ Հավատարմագրված արտաքին ինստիտուցիոնալ ներդրող (հայտնի է որպես «QFII») և չինական յուանով արտահայտված համանման սխեման՝ «Renminbi» հավատարմագրված արտաքին ինստիտուցիոնալ ներդրող (հայտնի է որպես «RQFII»): Այս սխեմաների անվանումներից կարելի է եզրակացնել, որ երկու ծրագրերն էլ մշակված են ինստիտուցիոնալ, սակայն ոչ անհատ ներդրողների համար:

«QFII»-ն ավելի երկար պատմություն ունի: Այն մեկնարկել է 2003թ-ին՝ օտարերկրյա ներդրողներին հնարավորություն տալով ներդրումներ կատարել Չինաստանի ֆինանսական շուկաներում: Ըստ սխեմայի, հաստատումը ստացած ներդրողները պարտավոր են իրենց արտարժույթը փոխարկել օֆշորային յուանի, որից հետո միայն կկարողանան ներդրումներ կատարել: Ներդրումների համախառն  մասնաբաժինը նախկինում կազմում էր 4 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այժմ այն կազմում է 150 միլիարդ  ԱՄՆ դոլար:

«RQFII»-ը «QFII»-ի չինական յուանով արտահայտված համանման սխեմա է, համաձայն որի հաստատում ստացած ինստիտուցիոնալ ներդրողները Չինաստանի ֆինանսական շուկաներում կարող են ներդրումներ կատարել օֆշորային յուանով: Այս ծրագիրը գործում է Հոնգ Կոնգում՝ սկսած 2011թ-ից,  որի համախառն մասնաբաժինը սկզբում կազմում էր 20 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այժմ հասնում է 270 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Հետագայում «RQFII»-ն ընդլայնվել է՝ ընդգրկելով այլ երկրներ: 2013թ-ին Միացյալ Թագավորության համար սահմանվել է ներդրումային շեմ՝ 80 միլիարդ չինական յուանի չափով, իսկ Սինգապուրի համար՝ 50 միլիարդ յուանի չափով: 2014թ-ի ընթացքում Ֆրանսիայի, Գերմանիայի ևԿորեայի համար ևս սահմանվեց շեմ՝ յուրաքանչյուրին 80 միլիարդ յուանի չափով: Վերջերս այդ  ցանկին ավելացավ Կատարը 50 միլիարդ յուանի չափով և Կանադան՝ 80 միլիարդ յուանի չափով:

Վերլուծության մեջ նշվում է, որ այսօր չինական յուանով ներդրումներ իրականացնելու համընդհանուր քվոտան հասնում է 720  միլիարդի:Եթե հաշվի առնենք Չինաստանի մեծությունը, ապա պարզ է դառնում, որ կապիտալի հոսքի սահմանափակումների նույնիսկ ամենաչնչին թուլացումը ազդեցություն կունենա բոլոր երկրների վրա, ուստի վերահսկող մարմինները աշխարհի առջև Չինաստանի դռները  բացելու գործընթացին մոտեցել  են զգուշավոր և համակարգված:

Նոյեմբերի 17-ին մեկնարկած Շանհայ-Հոնգ Կոնգ «Stock Connect»-ը (Արժեթղթերի շուկաների միավորում) Չինաստանի հերթական ծրագիրն է, որի նպատակն է էլ ավելի թուլացնել կապիտալի շուկայի վերահսկողությունը:

2014թ. ապրիլին Չինաստանի վարչապետ Լի Կեցյանգը հայտարարեց «Stock Connect»-ի  մեկնարկը, որը կարևոր իրադարձություն է Չինաստանը աշխարհի հետ ֆինանսապես ինտեգրելու գործընթացում: Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանի թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ անհատ  ներդրողները հնարավորություն կունենան իրականացնել արտարժույթով արտահայտված արժեթղթերի  առք ու վաճառք առանց միջնորդի, մյուս կողմից Չինաստանից դուրս գտնվող թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ անհատ ներդրողները ուղղակի մուտք կունենան դեպի Չինաստանի արժեթղթերի շուկա:

Եթե համեմատենք այլ ֆինանսական համակարգերի հետ՝ Չինաստանն այնուամենայնիվ դեռևս չի կարող  բաց շուկա համարվել: Սակայն արգելքները հետզհետե հանվում են:

Աստիճանաբար մեղմելով կապիտալի շուկայի վերահսկողությունը՝ Չինաստանը միջազգային ներդրողներին թույլ է տալիս մասնակից դառնալ և օգտվել իր արագընթաց տեմպերով աճող տնտեսության հաջողություններից:

Share