Բաժին. Տնտեսական

Թուրքիան մտադիր է կրկնապատկել Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի ծավալը

Մինչև 2015թ. վերջը Թուրքիան մտադիր է կրկնապատկել Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի ծավալը, ինչն այսօր կազմում է 1,3 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը: Նրա կարծիքով` անհրաժեշտ է առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերել հատկապես կաթի, կաթնամթերքի, ձվի և թռչնամսի արտահանման ոլորտներում: «Մեր ձեռնարկություններն արդեն անցել են անհրաժեշտ ակրեդիտացիա, և մեր առջև արտահանման որևէ խոչընդոտ չկա»,- ասել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ տարով արգելել է իր դեմ պատժամիջոցներ կիրառած մի շարք երկրներից (ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա և Նորվեգիա) պարենամթերքի որոշ տեսակների ներկրումը: Արգելված ապրանքների թվում են տավարի և խոզի միսը, թռչնամիսը, երշիկեղենը, ձկնեղենը, բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը և այլ ապրանքներ: Պատժամիջոցներին չմիացած Թուրքիան այդ ֆոնին հնարավորություն է ստացել ավելացնել իր արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: Ներկայում Թուրքիան ՌԴ պարենամթերք արտահանող երկրների թվում զբաղեցնում է հինգերորդ տեղը (2013-ին` 1,68 մլրդ դոլարի շրջանառություն):

Share