Բաժին. Տնտեսական

Նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:  Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:

Նոյեմբերին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.1%, ոչ պարենային ապրանքներինը՝101.4%, ծառայությունների սակագներինը՝ 102.3%:

2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% հավելաճ, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.4%):

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 103.2%, ոչ պարենային ապրանքներինը` 101.3%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 101.8%, 101.7% և 105.3%:

Share