Բաժին. Տնտեսական

ՕՊԵԿ-ի որոշումից առավելապես շահում է Չինաստանը. փորձագետներ

ՕՊԵԿ-ի` նավթարդյունահանման օրական ծավալը նույն մակարդակում պահպանելու որոշման ֆոնին չինական կառավարությունն սկսել է ակտիվորեն գնել էժան նավթ: «Ռազմավարական պահուստների ավելացման համար սա հիանալի պահ է»,- նկատում է Nomura Holdings ընկերության վերլուծաբաններից Գորդոն Քվանը, որի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

SCI International ընկերության փորձագետ Գաո Ցզյանի համոզմունքով` ՕՊԵԿ-ի որոշումից ամենաշատը շահել է Չինաստանը, քանի որ «ցածր գները կնպաստեն նավթի` ռազմավարական նշանակության պահուստների ձևավորման ազգային ծրագրի զարգացմանը»:

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Չինաստանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նավթի գնումներն ավելացրել է 8,3%-ով` հասցնելով օրական մինչև 460 հազար բարելի: Փորձագետի կանխատեսմամբ, նոր նավթամբարների շահագործման հանձնելու ժամկետով պայմանավորված, այդ ցուցանիշը հնարավոր է ավելանա մինչև օրական 700 հազար բարել: Ակնկալվում է, որ մինչև 2020թ. ՉԺՀ նավթային ռազմավարական պահուստների ծավալը կհասնի մինչև 40 մլն տոննայի (299 մլն բարել):

Share