Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստան է ժամանել 941 հազար զբոսաշրջիկ

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 941 հազար 151 զբոսաշրջիկ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 13.6%-ով: Հաշվետու ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 28.2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, ընդ որում՝ միայն 23%-ը՝ Ռուսաստանին: Զբոսաշրջիկների 33.9%-ը ներկայացրել են եվրոպական երկրները, ընդ որում՝ 8.1%-ը՝ Ֆրանսիան, 5.8%-ը՝ Գերմանիան: ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմել է  12.7%, Իրանից ժամանած զբոսաշրջիկներինը՝  7.1%:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share