Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից այլ երկրներ է մեկնել 886,2 հազար մարդ

Այս տարվա առաջին ինն ամսում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազար 251 մարդ: 2013 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.5%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  արտերկիր այցելությունների 45.3%-ի նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, 10.8%-ը մեկնել է գործնական նպատակով:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share