Բաժին. Տնտեսական

Ազգային ժողովում քննարկում են Եվրասիական տնտեսական միության միանալու հարցերը

Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ի նիստում շարունակել է քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը:

ԱԺ պատգամավորները քննարկվող պայմանագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միանալով ԵՏՄ-ի պայմանագրին՝ Հայաստանը Իրանի հետ չի կարողանալու կնքել ազատ առևտրի պայմանագիր և իրանական գազի համար դառնալ տարանցիկ երկիր: Պատգամավորը նշել է, որ դեմ է քվեարկելու պայմանագրին: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար հղի է ծանր հետևանքներով, և ինքը ևս դեմ է քվեարկելու: Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ չնայած ԵՏՄ-ն տնտեսական միություն է, այն փոխելու է քաղաքականությունը, և Հայաստանը դառնալու է այդ միության արժեքային համակարգի կրողը: Պատգամավորը ևս նշել է, որ դեմ է քվեարկելու: Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ ԵՏՄ-ի մեջ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը և հավասարակշռված ու դիվերսիֆիկացված տնտեսություն ձևավորելու դեպքում զարգացնել արտադրությունը՝ արտահանելով միաժամանակ և ԵՏՄ երկրներ, և Իրան: Արտակ Դավթյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագիրը բխում է Հայաստանի քաղաքացու և պետության շահերից, և ինքը կողմ է ԵՏՄ-ին միանալուն: Ողջունելով ԵՏՄ անդամ դառնալու որոշումը՝ Հայկ Բաբուխանյանը մատնանշել է աշխարհում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և մասնավորեցրել, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ ամենից: Ըստ պատգամավորի՝ պայմանագիրն առնչվելու է անվտանգությանը, տնտեսությանը եւ հումանիտար ոլորտին: Պատգամավոր Լևոն Դոխոլյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցումը մեր երկրին տնտեսական զարգացման չի տանելու: Նա անդրադարձել է ապրանքների արտահանմանը, երկրի առջև ծառացած խոչընդոտներին, կառավարության վարած քաղաքականությանը: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կորցնում է իր ինքնիշխանությունը, վտանգում տնտեսական աճը: Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձել է մեր երկրի անվտանգությանը, սահմանադրականությանը, ինքնիշխանությանը և տնտեսական շահերին, խոսել մաքսատուրքերի դրույքաչափերից, գնաճից, գազի գնից: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցումը բխում է Հայաստանի տնտեսական անվտանգության շահերից: Արտաշես Գեղամյանը ևս դրական է գնահատել ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը և նշել, որ այն կարեւոր է Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը կայացրել է ճիշտ որոշում՝ անդամակցել ԵՏՄ-ին: Մարգարիտ Եսայանի կարծիքով ևս՝ պայմանագրին միանալը շահավետ է և Հայաստանին տալու է ազատ շուկայի հնարավորություն: 

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մեր պետության և մեր հասարակության ապագա զարգացման համար, ուստի խորհրդարանում հնչող տեսակետները և զգացմունքային գնահատականները սպասելի են և բնական: Սակայն, նրա բնորոշմամբ, բնական չեն կարող լինել իրականության ուռճացումը և իշխանության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ցանկացած միության անդամակցություն որևէ երկրի համար չի կարող ունենալ միայն դրական հետեւանքներ, և երկիրն ինքն է անդամակցելուց առաջ ուսումնասիրում հնարավոր դրական և բացասական զարգացումները: ԱԺ փոխնախագահը Հայաստանի համար դրական է համարել այն փաստը, որ ԵՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսվարողների համար բացվում է 170 միլիոնանոց շուկա: Էդուարդ Շարմազանովը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերքի ներկրման ժամանակ վճարում է 30 տոկոսով քիչ մաքսատուրք՝ համարելով այն դրական արդյունք: Նշվել է, որ շուրջ 720 առաջին անհրաժեշտության ապրանքներ հինգ տարի չեն թանկանալու: ԱԺ փոխնախագահը համաձայնել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկմանը, թե երկիրը, որը մի կողմ է դնում ազատությունը, արժանի չէ ոչ ազատության, ոչ անվտանգության և հավելել. «Բայց մենք ազատությունը մի կողմ չենք դրել, հակառակը, մենք սրբորեն պահում ենք մեր ազատությունը և անկախությունը: Եզրափակելով ելույթը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը պայմանավորված է Հայաստանի անկախության, անվտանգության ամրապնդմամբ, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի տնտեսական ու քաղաքական հզորությամբ: 

 

Share