Բաժին. Տնտեսական

Գերմանական ավտոշուկան կարձանագրի ռեկորդային ցուցանիշներ. VDA

Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության միության (VDA) հրապարակած տվյալներով` ավտոարդյունաբերության ոլորտը ներկայում գտնվում է բարվոք վիճակում: VDA-ի վերլուծաբանների կանխատեսումներով` 2015-ի ընթացքում համաշխարհային ավտոշուկան կաճի մոտ 2%-ով` մինչև 76,4 մլն միավոր: Միևնույն ժամանակ, գերմանական ավտոարտադրողները հնարավոր է` հայրենական և արտաքին շուկաներում 4%-ով ավելացնեն թողարկումը` հասցնելով այն մինչև ռեկորդային 15,25 մլն միավորի:

Փորձագետների գնահատականով` 2014-ի արդյունքներով ավտոարտադրության ծավալը գերմանական ավտոշուկայում կավելանա 2%-ով, իսկ 2015-ին ակնկալվում է տեմպերի 4%-ով արագացում: Արդյունքում` գերմանական ավտոարտադրողները պատմության մեջ առաջին անգամ կթողարկեն ավելի քան 15 մլն մեքենա, որի երկու երրորդը (9,6 մլն) կիրացվի արտաքին շուկայում:

VDA-ի տվյալներով` անցնող տարում աշխարհի խոշորագույնը համարվող չինաստանյան ավտոշուկայում վաճառքի ծավալներն ավելացել են գրեթե 10%-ով և կազմել 17,9 մլն միավոր: Միաժամանակ, աճ է արձանագրվել նաև ամերիկյան ավտոշուկայում, որտեղ վերականգնվել է մինչճգնաժամային` 16 մլն միավոր կազմող մակարդակը:

Share