Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղատնտեսությանը

Երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոփոխություններ և լրացումներ կատարելով իր մի շարք որոշումներում, ՀՀ կառավարությունը ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:

Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ, բավարարելով Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններից ստացված հայտերը, կառավարությունը լրացուցիչ մոտ 216 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու է հատկացրել շահառուներին: Այսպիսով, սերմացուի ընդհանուր պահանջարկը հասել է մոտ 4 հազար 213 տոննայի: Միաժամանակ ծրագրի 2013թ. շահառուներից և Գյումրու սելեկցիոն կայանից 1 կիլոգրամը 170 դրամով ձեռք է բերվել մոտ 3 հազար 127 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որը հատկացվել է Շիրակի մարզին՝ մարզի, ինչպես նաև կարկտահարությունից տուժած համայնքների պահանջն ամբողջությամբ բավարարելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ աջակցություն է ցուցաբերվել ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի հետվերադարձը չապահոված շահառուներին:

Share