Բաժին. Տնտեսական

Գործազրկությունը շարունակում է խորանալ

Գործազուրկների թիվը շարունակում է աճել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ հոկտեմբեր ամսվա արդյունքներում մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 65.5 հազար մարդ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 17.4%-ով: Միևնույն ժամանակ, տարեսկզբի՝ հունվար ամսվա համեմատ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը աճել է 9,6 հազարով:

Նշենք, որ հունվարին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 55.9 հազար մարդ: Հետագա ամիսների ընթացքում ցուցանիշը գրանցել է շարունակական աճ: Փետրվարին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 57.5 հազար, մարտին՝ 60.4 հազար, ապրիլին՝ 61.0 հազար, մայիսին՝ 61.9 հազար, հունիսին՝ 62.2 հազար, հուլիսին՝ 63.5 հազար, օգոստոսին՝ 65 հազար, սեպտեմբերին՝ 65.4 հազար:

Հարկ է նշել, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների մեծ մասը կանայք են: Հոկտեմբեր ամսվա տվյալներով գործազուրկ կանանց թիվը կազմել է 47.4 հազար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 14.5%-ով:

Share