Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխությանը

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած դիտարկումների արդյունքները՝ ապրանքների թանկացումների հետ կապված: Նա նշել է, որ այս պահի դրությամբ, ըստ հանձնաժողովի՝ գնաճը փոխարժեքին համահունչ է: Միևնույն ժամանակ, Արտակ Շաբոյանը ընդգծել է, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները շարունակվում են, և ավարտելուց հետո հանձնաժողովը կներկայացնի վերջնական տվյալները:

Իրականացվող ուսումնասիրությունների հետ կապված Արտակ Շաբոյանը նշել է, որ հանձնաժողովը առանձնացրել է այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, և դիտանցումներ է իրականացնում՝ հետևելու համար խոշոր ընկերությունների վարքագծին: Բացի այդ, հանձնաժողովը առանձնացրել է այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Դրանք 16-17 անուն ապրանքներ են: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կարագին, ձեթին, հավի մսին, հավկիթին, սուրճին, ալյուրին և այլն:

Նախնական ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի:

«Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Այնուհետև գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա», – նշել է Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ սա դեռևս հանձնաժողովի վերջնական դիրքորոշումը չէ:

«Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել, և ուսումնասիրության ավարտից հետո մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք», – պարզաբանել է Արտակ Շաբոյանը՝ նշելով. «Կաթնամթերքի գները տարբեր չափով են փոխվել, ընդ որում, ասեմ, որ կան որոշ տեսակներ, որ գնային փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ՝ նույն կաթը կամ պանիրը, որն իր տեխնոլոգիական առանձնահատկություններով արտադրվում է անարատ կաթի հիման վրա: Դրանց գծով էական գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ի դեպ, ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել: Խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողներին՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններին»:

Արտակ Շաբոյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատակիցներն այս պահին կոնկրետ հաշվարկներ են իրականացնում, որպեսզի պարզեն փոխարժեքի ազդեցության չափը յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա:

Share