Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 60%

Հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է  448 հազար 867, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ աճել է 954-ով:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ինչը սեպտեմբեր ամսվա համեմատ աճել է մոտ 189 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 4,859 դիմում, նախորդ ամսվա 3,848-ի դիմաց: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 41,572, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 2,800-ով։ Հատուցման միջին չափը հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 196,171 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 60%, նախորդ ամսվա 58%-ի փոխարեն։ Հիշեցնենք, որ ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

Share