Բաժին. Տնտեսական

ՌԴ կառավարությունը 2015 թվականին 10%-ով կկրճատի պետծախսերը

Ռուսաստանի կառավարությունը կկրճատի 2015 թվականի բյուջեով հաստատված պետծախսերի 10%-ը: Որոշումը կայացվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը: 

2015 թվականի բյուջետային պարտավորությունները կկրճատվեն մինչև 90%, բացառությամբ` նորմատիվ ծախսերը և արտաբյուջետային հիմնադրամների տրանսֆերտները:

Վարչապետի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովայի խոսքով` քննարկվում են համաշխարհային կոնյունկտուրային ճիշտ արձագանքելու տարբերակները: Քանի որ բյուջեն արդեն հաստատված է, ապա կառավարությունը չի կարող ինքնուրույն կրճատել հատկացումները: Ուստի նախարարություններին իրավունք է վերապահվելու` որոշել, թե ինչ կրճատել և որքան:

Դաշնային պաշտոնյաներից մեկի հավաստիացմամբ` սոցիալական ծախսերի կրճատման մասին խոսք անգամ լինել չի կարող: Սեկվեստրը կվերաբերի միայն պետական ծրագրերին, որոնցով նախատեսված 2015թ. ծախսերի ամենախոշոր հոդվածները հետևյալներն են` տրանսպորտային համակարգ (38,1%), տիեզերք (19%), Հեռավոր Արևելք (6%), ավիաարդյունաբերություն (4,6%), բնակարանային տնտեսություններ (4,1%):

Share