Բաժին. Տնտեսական

Դրամի արժեզրկման արդյունքը՝ 15-20% թանկացում

Այսօր առևտրային օրվա ավարտին բանկերում մեկ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը եղել է 535 դրամ, նվազագույնը՝  510 դրամ, իսկ վաճառքի առավելագույն գինը կազմել է 550 դրամ, իսկ նվազագույնը՝ 525 դրամ: Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու առքի նվազագույն փոխարժեքը եղել է 6 դրամ, վաճառքինը՝ 7,08 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը եղել է 7,95 դրամ, վաճառքինը՝ 9,10 դրամ: Եվրոյի առքի առավելագույն գինը եղել է 660 դրամ, նվազագույնը՝ 620 դրամ, իսկ վաճառքի առավելագույն գինը կազմել է 710 դրամ, նվազագույնը՝ 662 դրամ: 

Ինչպես նշվում է՝ արտարժույթի շուկայի վերջին տատանումները և խուճապն արդյունք է միջազգային զարգացումների, հիմնականում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Աելիտա Հակոբյանի գնահատմամբ՝ դրամի նման արժեզրկումը արդեն իսկ հանգեցրել է  Հայաստանի ապրանքների 15-20%-նոց թանկացման: Սպասվում է, որ թանկացումը կշարունակվի:

Այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում վաճառել է 4 մլն ԱՄՆ դոլար՝ 526.32 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին տեղեկանցում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ Կենտրոնական բանկը վարում է հատուկ քաղաքականություն՝ ըստ որի, արտարժույթի շուկայի կայունացման նպատակով սակարկությունների միջոցով ԱՄՆ դոլարի վաճառքը կշարունակվի մինչև տարեվերջ` արտարժույթի շուկայում իրականացված վաճառքների օրական ցուցանիշի աստիճանական նվազեցմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից տեղի էր ունեցել հայկական դրամի կտրուկ արժեզրկում: Այդ օր բանկերում ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասել էր 435 ՀՀ դրամի՝ նախորդ առևտրային օրվա նկատմամբ թանկանալով ավելի քան 16 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Կենտրոնական բանկը հանդես էր եղել պաշտոնական հայտարարությամբ: Հայտարարութան մեջ նշվում էր, որ Կենտրոնական բանկը մտադիր է մինչև տարեվերջ իրականացնել դոլարի վաճառք՝ արտարժույթի շուկան կայունացնելու և փոխարժեքի տատանումները հարթելու համար:

Տեղեկացնենք նաև, որ վերջին 20 տարվա կտրվածքով մեր երկրում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 1994 թվականին (297.74):

Share