Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը նվազում է

Գործազրկության նպաստ ստացող բրիտանացիների թիվը նոյեմբերին նվազել է 26,9 հազարով: Այս մասին են վկայում Միացյալ Թագավորության ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Աշխատավարձի աճը օգոստոս-հոկտեմբերին կազմել է 1,4%` նախորդ եռամսյակում արձանագրված 1% աճի նկատմամբ: Ընդ որում` մարտ ամսվանից առայսօր Մեծ Բրիտանիայում առաջին անգամ աշխատավարձերի բարձրացման տեմպերը գերազանցել են սղաճի տեմպերը: Միևնույն ժամանակ, Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականով, օգոստոս-հոկտեմբերին գործազրկության մակարդակը երկրում մնացել է 6% մակարդակում, ինչը 2008 թվականի հոկտեմբերից առայսօր նվազագույն ցուցանիշն է:

Հաշվետու ժամանակահատվածում առանց աշխատանքի մնացած բրիտանացիների թիվը կրճատվել է 63 հազարով` կազմելով 1,958 մլն մարդ: Զբաղվածների թիվը (16-64 տարեկան) նույն հատվածում աճել է 115 հազարով` մինչև 30,796 մլն մարդ: Պաշտոնական տվյալների համաձայն` գործազրկության մակարդակը նոյեմբերին 2,8%-ից նվազել է մինչև 2,7%, ինչը 2008-ի օգոստոսից նկատված նվազագույն ցուցանիշն է:

Եվրահանձնաժողովի գնահատականներով` ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը կկազմի 6,2%` նախորդ տարվա 7,5%-ի նկատմամբ: 2014-ին ակնկալվում է ՀՆԱ-ի 3,1%-ով աճ, իսկ 2015-ին` 2,7%:

Share