Բաժին. Տնտեսական

Ճապոնիայի ԿԲ-ը անփոփոխ է թողել իր դրամավարկային քաղաքականությունը

Ճապոնիայի բանկը երկօրյա քննարկումներից հետո որոշել է անփոփոխ թողնել իր դրամավարկային քաղաքականությունը: Կպահպանվի նաև դրամական բազան տարեկան 80 տրլն իենով (672 մլրդ դոլար) ավելացնելու որոշումը:

Այսպիսով, Կենտրոնական բանկը կշարունակի ռեկորդային խթանման ծրագրերի իրականացման քաղաքականությունը` երկրում սղաճը 2%  թիրախային մակարդակում վերականգնելու համար: Ճապոնիայի ԿԲ-ի այս որոշումը համընկել է Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումներին:

Դեֆլյացիոն ճնշումը Ճապոնիայում ահագնանում է նավթի միջազգային գների նվազման ֆոնին: «Նավթի գների անկումը Ճապոնիայի բանկի համար գլխացավանք է: Եթե ԿԲ-ն ցանկանում է շարունակել խթանիչ ծրագրի ընդլայնումը, ապա պետք է հստակ հայտարարի, որ իր դրամավարկային քաղաքականությունը կմեղմացնի միայն էժանացող նավթի խնդիրը լուծելու համար»,- Bloomberg-ին հայտարարել է NLI Research Institute-ի տնտեսագետներից Յասուխիդե Յաձիման:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի բանկը շուկայի մասնակիցների համար շատ անսպասելի որոշել է ընդլայնել ակտիվների գնման ծրագիրը` դրամական բազան նախկին 60-70 տրլն իենից հասցնելով 80 տրիլիոնի:

Share