Բաժին. Տնտեսական

Մինչև 2020 թվականը Չինաստանը կքառապատկի թերթաքարային գազի արդյունահանման ծավալը

Չինական պետական նավթագազային կորպորացիայի դուստր ընկերությունը համարվող PetroChina-ն մտադիր է թերթաքարային գազի արդյունահանումը 2015 թվականին հասցնել 2,6 մլրդ, իսկ մինչև 2020 թվականը` 11 մլրդ խորանարդ մետրի: Ընկերության նախագահ Վան Չժիգանի խոսքով` չինական տեխնոլոգիաները նախկինի պես զիջում են ամերիկյանին. արդյունահանումը հնարավոր է իրականացնել մինչև 3,5 կմ խորության վրա: 

Ընդ որում` ՉԺՀ հողային և բնական պաշարների նախարարության կանխատեսումներով թերթաքարային գազի արդյունահանման ծավալները 2015-ին կավելանան մինչև 6,5 մլրդ, իսկ մինչև 2020թ.` 30 մլրդ խորանարդ մետր:

Ի դեպ` ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական հանձնաժողովի տվյալներով` ընթացիկ ջեռուցման սեզոնին, որը տևում է նոյեմբերի 11-ից մինչև մարտի 15-ը, Չինաստանում գազի պակասուրդը կկազմի 6,2 մլրդ խորանարդ մետր: Նախորդ տարում բնական գազի սպառման ծավալները Չինաստանում աճել են 13,9 տոկոսային կետով` կազմելով 167,5 մլրդ խորանարդ մետր:

Share