Բաժին. Տնտեսական

ԼՂՀ-ում մեկնարկում է հիփոթեքային վարկավորմամբ պետական աջակցության ծրագիր

ԼՂՀ-ում անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, բազմազավակ, միածնող ընտանիքների և փախստական քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ նրանց կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ պետական ֆինանսական աջակցություն, որն արտահայտվելու է հիփոթեքային վարկի տոկոսագումարների սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման տեսքով:

ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչև 10 տարի ժամկետով: Բնակարան կամ բնակելի տուն գնելու նպատակով անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ շահառուներին հատկացվելու է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 30 տոկոսի չափով, որից երկու երրորդը կամ գործարքի արժեքի 20 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը՝ վերադարձման պայմանով: Մնացած շահառուներին տրամադրվելու է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսի չափի կանխավճար՝ վերադարձման պայմանով:

Share