Բաժին. Տնտեսական

Գյուղնախարարությունն ամփոփել է անցնող տարին

Ամփոփվել են գյուղատնտեսության ոլորտում 2014 թվականի արդյունքները: Լրագրողների հետ ահնդիպմանը դրանք ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարվա հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 920.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.5%-ով: Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացմանը։

Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2%, նախորդ տարվա 71%-ի դիմաց:  

2014 թվականի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա, նախորդ տարվա 318.1 հազար հա-ի դիմաց: Ցանքատարածություններն ավելացել են 14.6 հազար հա-ով։ 

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 558.05 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.3 %-ով։  Ըստ վիճակագրության՝ գրանցվել է գրեթե բոլոր մշակաբույսերի համախառն արտադրանքի աճ, բացառությամբ պտղի, որը հետևանք է աննախադեպ ցրտահարության պատճառած կորուստների, հատկապես ծիրանի՝ նախորդ տարվա 88․9 հազ տոննայի դիմաց այս տարի ստացվել է 14․9 հազ տոննա: Առավել մեծ աճ է ապահովվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի արտադրության բնագավառում:

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ օպերատիվ, տվյալների կազմել է 31.4 ց/հա, նախորդ տարվա 30.8 ց/հա-ի դիմաց: Ինչ վերաբերում է ցորենին, ապա բերքատվությունը կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց: Նշվածի հետ մեկտեղ բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը: 2012թ.` 32.9%, 2013թ.` 46.8%, իսկ 2014թ. գնահատվում է շուրջ 51%: Ներկայացված տվյալները վկայում են վերջին տարիներին հացահատիկային տնտեսության ինտենսիվ զարգացման մասին:

Share