Բաժին. Տնտեսական

ՌԴ ընկերությունները դուրս են մնացել ամենաթանկ կորպորացիաների հարյուրյակից

Ռուսական ընկերությունները լքել են գերմանական Handelsblatt պարբերականի կազմած` աշխարհի ամենաթանկ կորպորացիաների վարկանիշային աղյուսակի հարյուրյակը, որտեղ ԲՐԻԿՍ երկրներից ներկայացված չէ նաև Հնդկաստանը, իսկ բրազիլական ընկերություններից ընդգրկվել է միայն մեկը: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վարկանիշում ներկա է միանգամից 11 ընկերություն: Համեմատության համար` ներառված կազմակերպությունների ավելի քան կեսը (52) ամերիկյան է: Առաջին եռյակում հայտնվել են Apple-ը, Microsoft-ը և ExxonMobil-ը: Թոփ հարյուրյակում Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի կորպորացիաներին բաժին է ընկնել 81 հորիզոնական:

Ինչպես նկատում է Handelsblatt-ը, 1980-ականներին ցուցակի կեսը զբաղեցնում էին ճապոնական կորպորացիաները: Սակայն ընթացիկ տարում Ճապոնիան ներկայացվել է միայն Toyota ավտոկոնցեռնով:

Ռուսաստանի խոշորագույն կորպորացիան համարվող «Գազպրոմը» վարկանիշում հայտնվել է 173-րդ տեղում: Ընկերության ընթացիկ կապիտալիզացիան կազմում է մոտ 57 մլրդ դոլար: Համեմատության համար`Apple-ի շուկայական արժեքը կազմում է մի քանի անգամ շատ` ավելի քան 670 մլրդ դոլար: Ընդ որում` ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ի արժեքը 2014 թվականի հուլիսին գերազանցել է ՌԴ արժեթղթերի ամբողջ շուկայի կապիտալիզացիան:

Share