Բաժին. Տնտեսական

Գերմանիային բաժին է ընկնում մեր երկրի արտահանման շուրջ 10%-ը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ մեր երկրի արտաքին առևտրի ցուցանիշների վերաբերյալ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին 11 ամսում Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է շուրջ 403,21 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 24%-ով:

Հաշվետու ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է մոտ 2 անգամ և կազմել շուրջ143,69 մլն ԱՄՆ դոլար: Գերմանիայից Հայաստան ներմուծումը աճել է 3.2%-ով և կազմել մոտ 251,42 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Գերմանիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 7.5%, ընդ որում այս երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 10.4%-ը, ներմուծման ծավալի՝ 6.5%-ը:

Նշենք նաև, որ Գերմանիան մեր երկրի խոշոր առևտրային գործընկեր-երկրների վարկանիշում երրորդն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Share