Բաժին. Տնտեսական

Մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը

Հունվարի 21-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կանցկացվի 45-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն այս անգամ կրում է «Նոր գլոբալ ենթատեքստ» վերտառությունը:

Այս տարի Դավոս են ժամանելու 2500 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից, համաշխարհային բիզնեսի 1000 ղեկավարներ, G20-ի անդամ և այլ երկրների կառավարությունների և կառույցների ներկայացուցիչներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների, արհմիությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, այս տարի ևս Հայաստանը Դավոսին չի մասնակցի:

Զինված հակամարտությունների և տնտեսական ճգնաժամի սրման ֆոնին` Դավոսում բացվող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում քաղաքական և գործարար էլիտայի ներկայացուցիչները կքննարկեն աշխարհում վստահության վերականգնման ուղիները:

Ֆորումի ընթացքում մասնավորապես կքննարկվեն քաղաքական, տնտեսական և սոցիալական այն բոլոր փոփոխությունները, որոնց բախվել է մերօրյա աշխարհը: Համաժողովի օրակարգի 4 հիմնական ուղղություններն են լինելու` ճգնաժամը և համագործակցությունը, աճը և կայունությունը, նորարարությունը և արդյունաբերությունը, հասարակությունը և անվտանգությունը:

Դավոսյան 45-րդ հանդիպումը տեղի կունենա նավթի միջազգային գների կտրուկ անկման, կայուն տնտեսական ճգնաժամի, Ուկրաինայի հարավ-արևելքում սկիզբ առած զինված հակամարտության և այդ խորապատկերում` Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող մի շարք տնտեսական պատժամիջոցների ֆոնին:

Share