Բաժին. Տնտեսական

Թեհրանն ու Անկարան փոխադարձ հաշվարկներն առաջիկայում կիրականացնեն ազգային արժույթներով

Թեհրանը և Անկարան մտադիր են փոխադարձ տնտեսական հաշվարկներն իրականացնել միայն ազգային արժույթներով: Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» գործակալությունը: Կողմերն արդեն աշխատում են համապատասխան համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Թուրքիան և Իրանը առևտրային խոշոր գործընկերներ են: Երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 2012-ին կազմել է 21,8 մլրդ դոլար, իսկ 2013-ին` 13,5 մլրդ դոլար: Դրանից զատ, Իրանը Թուրքիայի համար էներգակիրների հիմնական մատակարարն է: Իր հերթին, Անկարան իրանական տնտեսությունում խոշորագույն ներդրողներից է համարվում: Երկու երկրները մտադիր են առաջիկայում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հասցնել տարեկան մինչև 30 մլրդ դոլարի: Իսկ ազգային արժույթների կիրառումը զգալի կդյուրացնի այդ նպատակին հասնելու միջոցները:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Իրանի կառավարությունը հայտարարել է արտաքին տնտեսական հաշվարկներում ամերիկյան դոլարից հրաժարվելու մասին: ԻԻՀ-ը իր արտաքին տնտեսական գործընկերների հետ կօգտագործի այլ արժույթներ, այդ թվում` ռուսական ռուբլի, չինական յուան, եվրո, թուրքական լիրա և հարավկորեական վոնա:

Share