Բաժին. Տնտեսական

2014թ.-ին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է 62%

2014 թվականին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 62%: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները: Նշենք, որ ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 439 հազար 460, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ նվազել է 11 հազարով:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 990 մլն դրամ, ինչը նոյեմբեր ամսվա համեմատ աճել է մոտ 258 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 4 հազար 855 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 989-ի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 50 հազար 414, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 հազար 542-ով (2013 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ցուցանիշը եղել է 54 հազար 956)։ Հատուցման միջին չափը 2014թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195 հազար 921 ՀՀ դրամ:

Share