Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրում միջին աշխատավարձը կազմել է 171 հազար ՀՀ դրամ

2014 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171 հազար 120  ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հաշվետու տարում մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 3.0% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հաշվետու տարում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է

150 հազար 809 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 7.4%-ով,  իսկ մասնավոր հատվածում՝ 199 հազար 711 ՀՀ դրամ՝ աճելով 7.7%-ով:

Նշենք նաև, որ  ավելի վաղ Կենտրոնական բանկը հրապարակել էր իր նոր կանխատեսումները, որոնց համաձայն՝ 2014-2017 թվականներին մեր երկրի աշխատանքի շուկայում կգրանցվեն հետևյալ զարգացումները: Միջին աշխատավարձերը կաճեն դանդաղ տեմպերով, իսկ գործազրկության մակարդակը կբարձրանա: 2015 թվականի համար ակնկալվում է տնտեսության միջին անվանական աշխատավարձերի  8%, իսկ 2016-2017 թվականներին՝ շուրջ 7% աճ:

Share