Բաժին. Տնտեսական

2014թ.-ին ՏՏ ոլորտում գրանցվել է 25% աճ

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում ակտիվ գործում է 396 ընկերություն:  Այս ընկերությունների շուրջ կեսը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղներ են: Այս մասին վկայում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ՏՀՏ ոլորտում աշխատում է 11 հազար 560 մասնագետ:

2014 թվականին ՏՀՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 474,9 մլն ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում ոլորտում գրանցվել է 25.2% աճ:

Նշենք, որ մեր երկրում  ՏՀՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծման և նոր աշխատատեղերի ձևավորման խթանման նպատակով սահմանվել է պետական աջակցություն: Այսպես, սկսնակ ընկերությունների համար նախատեսված է շահութահարկի 0% դրույքաչափ և եկամտային հարկի 10% դրույքաչափ:

Նշենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը, ըստ որի որպես Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հիմնական տեսլական ամրագրվել է` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայությունների համակարգերով,  մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ կայացած տեղեկատվական հասարակության ձևավորումը և մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած և համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առակայության ապահովումը:

Share